Շախմատի Հայաստանի հավաքականն առաջին անգամ անցկացվող առցանց օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է:
Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ. երկու ռաունդների արդյունքում՝ հաղթեց Հունաստանի հավաքականին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվեց, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ երկրորդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցին, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին:
Քառորդ եզրափակիչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: Դիմակայությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին: Առցանց օլիմպիադան հեռարձակվում է chess24.com կայքով:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում ոչ մի շանս չէր տվել Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին (2,5։3,5), 9-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել Եգիպտոսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







