«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը Պրահայի «Սպարտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ թիմը պատրաստ է հանդիպմանը և խաղադաշտ է դուրս գալու հաղթանակի համար։
Համբարձումյանը նշել է, որ պատրաստ է առաջիկա հանդիպմանը, թեև վնասվածքից հետո դեռ չի համարում իրեն լավագույն մարզավիճակում։
«Չեմ կարող ասել, որ լավ մարզավիճակում եմ, սակայն գործնականում որևէ խնդիր չունեմ։ Պատրաստ եմ առաջիկա խաղին»,- ասել է նա։
Ֆուտբոլիստի խոսքով՝ տնային հանդիպումներում թիմին լրացուցիչ ուժ է հաղորդում երկրպագուների աջակցությունը։
«Մեզ համար տնային հանդիպումներն առանձնահատուկ մթնոլորտում են անցնում։ Զգում ենք երկրպագուների ներկայությունն ու աջակցությունը, ինչը մեզ ուժ է տալիս։ Մեր հաղթաթուղթը կարող է լինել միասնությունը»,- նշել է Համբարձումյանը։
Նա ընդգծել է, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները կենտրոնացած են միայն հաղթանակի հասնելու վրա։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Տուլիպան, իր հերթին, նշել է, որ թիմը եվրոպական մրցաշարի այս փուլ հասնելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։
Նրա խոսքով՝ ակումբի համար նման հաջողությունները չպետք է ընկալվեն որպես առանձին պատմական իրադարձություններ։ Նպատակն է դրանք դարձնել շարունակական։
«Հաղթանակները ոչ թե պատմական պահ, այլ սովորություն պետք է դառնան»,- շեշտել է Տուլիպան։
Մարզչի խոսքով՝ «Արարատ-Արմենիան» պատրաստ է Պրահայի «Սպարտայի» դեմ հանդիպմանը և խաղադաշտ է դուրս գալու հաղթանակի համար։
«Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլ։ Ուղեգիրը թիմը նվաճել էր՝ հաղթելով ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հայկական ակումբը Եվրոպա լիգայի հիմնական փուլում մրցելույթները կսկսի այսօր՝ սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







