Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տեղափոխվել է իսպանական «Սեուտա», հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆերենցվարոշին»։
«Սեուտան» հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում՝ Լա Լիգա 2-ում։ Ակումբում ընդգծել են Սևիկյանի հարձակողական խաղաոճը, աջ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքերում հանդես գալու կարողությունը, ինչպես նաև հեռահար հարվածները, խաղադաշտը տեսնելու և գոլային փոխանցումներ կատարելու հմտությունները։
Սևիկյանը մարզական պատրաստությունն անցել է իսպանական «Լևանտեի» երիտասարդական համակարգում, որից հետո կարիերան շարունակել է Իսպանիայի սահմաններից դուրս։ Նա հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի ազգային հավաքականում։
Նախորդ մրցաշրջանում Սևիկյանը վարձակալությամբ հանդես է եկել ռուսական «Ակրոնում»։
«Սեուտան» ընթացիկ մրցաշրջանը սկսել է երեք անընդմեջ պարտությամբ՝ բաց թողնելով 10 և խփելով մեկ գոլ։ Թիմը մրցաշարային աղյուսակի վերջին՝ 22-րդ հորիզոնականում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







