Յուրգեն Կլոպը նշանակվել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) նախագահ Բերնդ Նոյենդորֆը։
«Վերջին շաբաթներին մենք շատ ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել։ DFB-ի փոխնախագահ Հանս-Յոահիմ Վատցկեի հետ ձգտել ենք պայմանագիր կնքել Կլոպի հետ և այդ բանակցությունները վարել ենք մեծ ուշադրությամբ։ Յուրգենի հետ անձնական զրույցները հաստատեցին, որ նա ճիշտ մարդ է այդ պաշտոնի համար»,- ասել է Նոյենդորֆը։
Կլոպը 2015-2024 թվականներին գլխավորել է անգլիական «Լիվերպուլը», որի հետ նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը, երկու անգամ՝ լիգայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները։ Ավելի վաղ գերմանացի մասնագետն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»։
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հուլիսի 3-ին հայտնել էր պաշտոնից հեռանալու որոշման մասին։ Նա ազգային թիմը գլխավորել էր 2023 թվականի սեպտեմբերից։ Թափուր պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը համարվում էր հենց Կլոպը։
Գերմանիայի հավաքականը դուրս էր մնացել ԱԱ-2026-ից՝ 1/16 եզրափակչում պարտվելով Պարագվային։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում Պարագվայն ավելի դիպուկ էր գտնվել՝ 4։3։






































