Կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը լքել է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողին անցկացրած երկու մրցաշրջանների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ Օմարն, ամենայն հավանականությամբ, ելույթները կշարունակի Բաթումի «Դինամոյում»։
Նրա տվյալներով՝ «Նոան» որոշել է բաժանվել ֆուտբոլիստից՝ այլ օտարերկրացի նորեկների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և լեգեոնականների նոր սահմանափակման (լիմիտի) պատճառով:
Սահմանափակման պատճառով թիմի հայտացուցակում մրցաշրջանի առաջին հատվածի համար չեն ընդգրկվի նաև ծանր վնասվածքներ ստացած Յան Էտեկին և Բիլալ Ֆոֆանան։ Ձմռանը ակումբը ստիպված կլինի խզել նրանց հետ պայմանագրերը կամ բաժանվել այլ լեգեոնականներից, որպեսզի կարողանա հայտավորել երկու ֆուտբոլիստներին, նշել է Մելիքսեթյանը։
Ավելի ուշ «Նոան» հայտարարել է կոնգոյական ծագմամբ 27-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սթոուն Մամբոյի տեղափոխության մասին։
Հայկական ակումբը խաղացողի տրանսֆերը գնել է Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Գրենոբլից»։ Մամբոն հանդես կգա 4-րդ համարի ներքո։























