Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ըստ հրապարակման՝ դասական մրցաձևում հայ շախմատիստը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր, իսկ կայծակնային շախմատի մրցաշարում՝ 8 հնարավորից 8 միավոր:
Chicago Summer Open-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի և մասսայական բաց շախմատային մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է Իլինոյս նահանգում (Չիկագո)։ Մրցաշարը կազմակերպվում է Continental Chess Association (CCA)-ի կողմից, որն ԱՄՆ-ում խոշորագույն շախմատային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունն է։ Մրցաշարն ունի Open Section և վարկանիշային ձևերով մրցումներ։
Open Section-ում խաղում են ուժեղագույն շախմատիստները՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ: Այս բաժինը սովորաբար վարկանիշավորվում է թե՛ ՖԻԴԵ-ի, թե՛ ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի կողմից: Վարկանիշային մրցաշարը կազմակերպվում է ըստ վարկանիշի։ Սա թույլ է տալիս խաղացողներին մրցել իրենց մակարդակին համապատասխան մրցակիցների հետ։


































