Թուրքիայի ֆուտբոլի ընտրանին խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ սենսացիոն կերպով կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները, թեև ԱՄՆ-ի հետ միասին համարվում էր ոչ ամենաուժեղ խմբի ֆավորիտներից մեկը, հայտնել է sportrbc-ն։
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պարագվայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Թուրքիային։ Հանդիպման միակ գոլը 2-րդ րոպեին խփել է պարագվայցի կիսապաշտպան Մատիաս Գալարզան։ Հատկանշական է, որ 45-րդ րոպեին Պարագվայի ընտրանու կիսապաշտպան Միգել Ալմիրոնը ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հեռացվել է դաշտից՝ բերանը ձեռքով փակելու համար։
Խաղի ընթացքում Թուրքիան ունեցել է բացահայտ առավելություն՝ կատարելով 32 հարված (5-ը՝ դեպի դարպասը)՝ մրցակցի 7 հարվածի (2-ը՝ դեպի դարպասը) դիմաց, սակայն չի իրացրել 3 գոլային պահ և հանդիպումն ավարտել xG (հնարավոր գոլերի) 2,12 ցուցանիշով՝ Պարագվայի 0,32-ի դիմաց։
Երկու թիմն էլ մրցաշարը սկսել էին պարտությամբ։ Այժմ Պարագվայն ունի 3 միավոր, իսկ Թուրքիան երկու տուրից հետո ոչ մի գոլ չի խփել (առաջին խաղում 0:2 հաշվով զիջել էր Ավստրալիային)։ Վերջին տուրում Թուրքիան ուժերն է չափելու խմբի առաջատար ԱՄՆ-ի հետ, և այդ հանդիպումը մրցաշարային որևէ նշանակություն չի ունենալու կողմերի համար։ Խմբի երկրորդ ուղեգիրը կայանալիք խաղում կորոշեն հավասար միավորներ ունեցող Պարագվայն ու Ավստրալիան։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 48 հավաքական, անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Թուրքիայի համար այս մունդիալը դարձել է առաջին աշխարհի առաջնությունը 2002 թվականից հետո։ Այն ժամանակ Թուրքիայի հավաքականը հասել էր իր պատմության լավագույն արդյունքին՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված մրցաշարում զբաղեցնելով երրորդ տեղը։






































