ԱՄՆ-ից ժամանած պարալիմպիկ մարզիկները Հայաստանում երիտասարդների հետ մասնակցել են անվասայլակով բասկետբոլի վարպետաց դասի, հայտնում է The Armenian Report-ը։
Պարալիմպիկ մեդալակիր Ռոուզ Հոլերմանը և եռակի պարալիմպիկ ոսկե մեդալակիր Սթիվ Սերիոն Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարության Sports Envoy ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի և տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ծրագիրը, որն անցկացվել է ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, ներառել է մարզումներ հայ մարզիկների հետ և ցուցադրական խաղ՝ ամերիկացի չեմպիոնների մասնակցությամբ։
«Sports Envoy ծրագրի նպատակն է կապեր ստեղծել և բարձրացնել իրազեկվածությունը սպորտում մատչելիության մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հոլերմանը։
Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ կարծում են, թե հաշմանդամություն ունենալը նշանակում է կյանքի ավարտ նախկին տեսքով, սակայն, իրականում, դա նշանակում է կյանքին այլ կերպ հարմարվել։
«Մենք աշխատում ենք աշխարհն ավելի մատչելի դարձնել բոլորի համար»,- հայտարարել է նա։
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը նշել է, որ միջոցառումն արտացոլում է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտային հնարավորությունների ընդլայնմանն ուղղված շարունակական ջանքերը։
Նմանատիպ միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում՝ Հայաստանում ադապտիվ սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների ընդլայնմանը նպաստելու համար։






































