Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Հնդկաստանում անցկացված Ասիայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է հաղթողի կոչումը, հայտնել է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջը։
Մարզիկը հանդես է եկել +110 կգ քաշային կարգում և երկամարտի արդյունքով գրանցել 457 կգ ցուցանիշ։ Սա Մինասյանի կարիերայի երրորդ չեմպիոնական տիտղոսն է Ասիայի առաջնություններում։
Մրցաշարի ընթացքում Մինասյանի հիմնական մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր։
Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Մինասյանը 2022 թվականից հանդես է գալիս այլ երկրի դրոշի ներքո։ Ծանրորդի որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակ Հայաստանի հավաքականում կային երեք հավասարազոր մարզիկներ՝ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Լալայանը։ Մինչդեռ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու մարզիկ։






































