Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «A Day With…» հաղորդմանը խոսել է հայկական ֆուտբոլի և բարձրակարգ հավաքական ունենալու հնարավորությունների մասին:
Դիտարկմանը, թե որքանով փողը կնպաստի, որպեսի Հայաստանը Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենա, Մխիթարյանը նշել է, որ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս՝ միաժամանակ ընդգծելով, որ փողը տարբերություն է մտցնում։
«Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել։
Անդրադառնալով խաղի իր փիլիոսոփայությանը, ֆուտբոլիսն ընդգծել է, որ միշտ ունեցել է իր երազանքը: Միշտ իմացել է, թե ուր է ցանկանում գնալ և ինչ է ցանկանում անել:
«Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը»,- նշել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի ավագը նշել է, որ իտալացիները շատ նման են հայերին:
«Ես ինձ շատ լավ եմ զգացել Իտալիայում, Հռոմում հենց այն օրվանից, երբ ոտք եմ դրել այս երկիր: Ես ինձ զգում եմ ինչպես տանը: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մնալ այստեղ: Աստիճանաբար ավելի լավ եմ տիրապետում իտալերենին, կարողանում եմ առանց դժվարությունների շփվել իտալացիների հետ և հարցազրույցներ տալ այդ լեզվով:
Իտալացիների հետ ապրելը շատ հեշտ է: Նրանք նման են հայերին, և կարող եմ ասել, որ տարբերությունը միայն լեզվի մեջ է»,- նշել է Մխիթարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







