ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցումը կանխարգելող միջոցառումներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը:
Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը»:
Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել և կոչ է արել հետևել Առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







