Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ սահմանվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:
Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակներում քաղաքացիների սպասարկման կանոններ. Մարմնի ղեկավարի ցուցմամբ ապահովվում է անձնակազմի հնարավոր նվազագույն ներգրավվածություն և շփում քաղաքացիների հետ:
Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։
Սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը։
Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:
Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







