Կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Գերատեսչությունն այս որոշումը կայացրել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին։
Որոշումը լայն արձագանք է ստացել համացանցում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ նոր կնիքների վրա սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից բացի այլ բան չի լինելու:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ դրոշմակնիքը պետք է զերծ լինի հուզական սիմվոլներից և հարևանների նկատմամբ վտանգոր մեսիջներ չպարունակի։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ, մեկնաբանելով որոշումը, ասել է, որ երբ կառուցում ես բնակարանը, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն որոշման վերաբերյալ, ինչպե՞ս են այն գնահատում, ինչո՞ւ է նման որոշում կայացվել, և արդյոք կնիքի վրա Արարատ լեռան առկայությունը վտանգավոր մեսիջ համարո՞ւմ են հարևանների համար։
Նշենք, որ հարցված քաղաքացիները դեմ են կառավարության որոշմանը և Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու անհրաժեշտություն չեն տեսնում։
«Արարատ լեռը մերն է, մերն էլ պետք է լինի, հուսով ենք՝ կփոխեն իրենց որոշումը»,- ասաց մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի էլ բարկացած հարց ուղղեց․ «Այդ ո՞վ է այդ թուրքի որոշումը կայացրել»։
Հարցվածներից մի քանիսն էլ վստահեցրեցին, որ ՀՀ իշխանությանն ստիպել են, որպեսզի Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանեն։
«Թուրքի ասածն է անում, թուրքն ասել է, ինքն էլ ավանակի պես անում է։ ՔՊ-ն պետք է վերանա»,- նշեց նա։
Հարցված քաղաքացիներից ընդամենը մեկ քաղաքացի ասաց, որ չի լսել այդ որոշման մասին և չի հավատում, թե իշխանությունը կարող էր այդպիսի որոշում ընդունել։
Մանրամասները՝ տեսանյութում։




































