Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, մեր պետությունը՝ հարգանքի, իր ուղերձում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը՝ կոչ անելով միանալ «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժմանը։
«Միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։ Վստահ եմ՝ միասին կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Անելու ենք՝ «Մեր ձևով»»,- ասված է ուղերձում։
Նա վստահություն է հայտնել, որ այդ ամենին հասնելու են ամենօրյա նվիրված աշխատանքով:
Կարապետյանը հավելել է, որ այսուհետ հայրենիքի օգտին իրենց աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կօգնեն բերել բարեկեցություն։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էին շարժման նպատակներն ու աշխատանքի ուղղությունները: Իր ելույթում շարժման ղեկավար և համակարգող, «Տաշիրի» փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել էր, որ շարժումը պետք է դնի ապագա քաղաքական ուժի ծրագրային հիմքը, բայց առայժմ այն ապաքաղաքական կլինի: Շարժումը կաշխատի հինգ ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկվի իր աշխատանքային խմբի կողմից: Նոր քաղաքական ուժի ծրագրային աշխատանքները կավարտվեն 4-5 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







