Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Facebook սոցիալական ցանցում հայերեն և թուրքերեն գրառում է արել:
Փայլանը մասնավորապես գրել է.«Մեր մայրենին մեր պատիւն է։
21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»։
Գրառմանը կից հայ պատգամավորը լուսանկար է հրապարակել, որում հայոց այբուբենն է:
Նշենք, որ հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







