ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից, աշակերտների առաջարկով, ստեղծվել է նախարարին կից աշակերտական խորհուրդ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա աշակերտների ձայնն ավելի լսելի դարձնել:
Աշակերտական խորհրդի կազմում լինելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական և համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ:
Աշակերտական խորհրդի անդամները կլինեն 40 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից: Նրանց մեջ կլինեն նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականներ և ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Մարզերից ընդգրկված անդամների մասնակցությունը նիստերին պետք է ապահովվի տվյալ մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակցի ուղեկցությամբ:
Խորհրդի աշխատանքները կկազմակերպվեն նիստերի միջոցով, որոնք կհրավիրվեն տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կգումարվի արտահերթ նիստ: Դրանք կլինեն դռնբաց և կհրավիրվեն նաև օրակարգում ընդգրկված հարցերին շահագրգիռ անձինք:
Նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված դպրոցականները հնարավորություն կունենան ընդունելու խորհրդատվական բնույթի որոշումներ: Այդ որոշումները կընդունվեն բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնության դեպքում, իսկ եթե ստացված քվեները հավասար լինեն, ապա վճռորոշ կլինի խորհրդի նախագահի ձայնը:
Խորհրդի ձևավորված կազմը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքէջում, այն կգործի 2 տարի ժամկետով: Դպրոցականները կարող են հեռացվել կազմից, եթե 3 անգամ անհարգելի բացակայեն նիստերից կամ ավարտեն դպրոցը: Կարող են հեռանալ նաև սեփական դիմումի հիման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







