ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը՝ քաղաքացիների կողմից առաջարկվել է անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն:
Սակայն խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակներում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որը ծրագրի հետագա իրականացումը դարձնելու է ոչ իրատեսական:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն այդ բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է այդ բնակարանների ձեռքբերման համար վճարման ենթակա հավելյալ գումարների հիման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







