Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընտանիքով շրջել է Երևանում և նկատել, որ փողոցները բազմամարդ են եղել։
Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ հիմնականում մարդիկ չէին պահպանում անվտանգության կանոները և նման պայմաններում շատ դժվար է լինելու իրավիճակը հաղթահարելը։
«Մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, և եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», — ասաց վարչապետը՝ հավելելով՝ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում են նրա համար, քանի որ ակնհայտ է՝ այս վիճակը շարունակվելու է:
«Առնվազն մինչև մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել, ընդհանրապես որևէ պետություն չի կարող այդպես», — ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







