ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։
Առաջարկվում է Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը՝ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմելով բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
Միջոցառման շահառու են ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200,000.0 հազար դրամ։
Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 000 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին։
Ընդհանուր առմամբ, ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվի 1000 քաղաքացու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







