Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել»,- նշել է նա։
Չալաբյանն ընդգծել է, որ դատապարտում է այս բռնության բոլոր մեղավորներին, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի ևքաոսի։
«Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար»,- նշել է նա։
Չալաբյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ։ Նա ցավակցել է երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, և հորդորել նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին:
Հիշեցնենք, որ երեկ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:
Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: Ինքն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ պահին գտնվել են դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







