Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար Կառավարության՝ մինչև այժմ ձեռնարկած քայլերը հատվածական են, և մարդկանց սոցիալական խնդիրները չեն լուծվում։ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
Պատգամավորի խոսքով, այս օրերին մարդկանց մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները դեռ չկան։ Նա նշեց, որ արդեն երկրորդ ամիսն է՝ մարդիկ համաճարակի պայմաններում մնում են տանը, բայց դրա հետ մեկտեղ, նրանց մեծամասնությունը չունի հնարավորություն հեռահար աշխատելու։
«Մարդկանց 90%-ը, աշխատանքի բնույթից ելնելով, չի կարող հեռահար աշխատել։ Ի՞նչ անեն նրանք։ Այս պարագայում պետք է հստակ հասկանալ՝ այո, պետությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ ապահովի իր քաղաքացիներին, ուրիշ տարբերակ չկա»,- շեշտեց Աբովյանը։
Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք արդեն երկու ամիս չեն աշխատում, սակայն կոմունալ վճարումները չկատարելու համար անջատումներ են սպասվում, չնայած դրան նկատեց, որ՝ կան նաև ոչ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք ունեն հնարավորություն, բայց չեն մուծում: Պատգամավորն առաջարկեց ձևավորել բարձր շեմ, որից ավել սպառելու դեպքում միայն կարող են անջատումներ արվել:
«Պարզ է, որ հասարակ մարդն իր տանը 150 հազար դրամի գազ չի վառի: Չի կարելի այս պարագայում գնալ ռադիկալ քայլերի և մարդկանց գազն ու լույն անջատել»,-ասաց նա:
Եվ, բացի այդ, պատգամավորը նկատեց, որ կան մարդիկ, ովքեր այսօր հացի փող չունեն։
«Նրանից չի, որ այդ մարդիկ թամբալ են, ոչ, օբյեկտիվորեն իրավիճակ է ստեղծվել, որ այդ մարդիկ չեն կարողանում գումար վաստակել, պարզապես չեն կարող։ Հիմա այդդ մարդկանց ի՞նչ անենք։ Այս հարցերի պատասխանն է ուզում հասարակությունը ստանալ»,- ասաց Աբովյանը։
Անդրադառնալով բյուջեի փոփոխությունների նախագծին՝ նա նկատեց, որ ծախսերը վերանայվում են, որոշակի ծրագրեր են իրականացվում, ակնկալվում է, որ այդ ծրագրերի շրջանակում պետք է այս կամ այն կերպ աջակցություններ տրվեն: «Դրանք հատվածային լուծումներ են: Եվ դա ցույց տվեց մեր այսօրվա քննարկումը, առկա իրողությունը: Դրանք շատ ցածր արդյունավետություն ունեին, մարդիկ այսօր կանգնած են շատ լուրջ խնդիրների առջև»,-ասաց Աբովյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







