Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է: Մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որ կարողանանք գործող սահմանափակումների համատեքստում փարատել մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ կառավարությունը միջոցառումների տրամաբանությունը փորձել է այնպես կազմակերպել, որ հայությունը կարողանա այդ օրն իր խորհրդանշական ներկայությունն ապահովել Ծիծեռնակաբերդում՝ միաժամանակ ընդգծելով, որ բոլոր նախաձեռնությունների հիմքում եղել է կառավարության մտահոգությունը ՀՀ քաղաքացիների անվտանգության համար:
«Այս տարվա ուղերձներում անընդհատ ասվում է՝ Ցեղասպանության նահատակների հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է․ կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»»,- ասաց Խզմալյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ այսօր երեկոյան 21:00-ից Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո կմարեն Երևանի, մարզկենտրոնների լույսերը:
«Հորդորում ենք նաև քաղաքացիներին՝ մարել բնակարանների լույսերը և, որպես միասնության խորհրդանիշ, բջջայինի լույսերի ներքո պատուհաններից, պատշգամբներից խորհրդանշել ու հաստատել իրենց ներկայությունը Ծիծեռնակաբերդում»,- ասաց Խզմալյանը՝ նշելով, որ հարգանքի այդ արարողությունն անվանել են «Լուսավառ ոգեկոչման պահ»:
Արա Խզմալյանը նշեց, որ վաղը տեղի կունենան միայն պաշտոնական այցելություններ հուշահամալիր, իսկ այսօր ժամը 22:00-ից մինչև լուսաբաց տեղի կունենա գեղարվեստական ծրագիր: Ընդգծեց՝ ստեղծագործական հանրությունն ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







