ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, որոնք մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածով, 7-ն են. նրանք անմիջական շփում են ունեցել վարակակիրների հետ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-օրաթերթի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ըստ դեսպանի՝ հնարավոր է, որ դա տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Դեսպանը հայտնել է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է մի քանի թռիչք Մոսկվայից դեպի Երևան, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել:
Ըստ Տողանյանի՝ Ռուսաստանում, անցած տարվա տվյալներով, գտնվում է 300 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել է և ցանկանում է վերադառնալ Հայաստան: Հիշյալ քաղաքացիների թվում կան նաև զորակոչի ենթակա անձինք, որոնց տվյալները նույնպես հավաքում է դեսպանությունը և փոխանցում զինկոմիսարիատներին, որպեսզի զորակոչիկները առաջիկայում խնդիրների առջև չհայտնվեն:
Հարցին, Դեսպանությունը տեղեկացված եղե՞լ է, որ երեկ երեկոյան օդանավակայանից տարհանվել են հնարավոր չվերթի սպասող ՀՀ քաղաքացիները, դեսպանը պատասխանել է. «Իհարկե, տեղեկացված է եղել: Դեռ ապրիլի 5-ից օդանավակայանի անվտանգության ծառայությունը մեզ զգուշացրել էր այդ մասին։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս ենթարկվելու են քրեական և վարչական պատասխանատվության: Ռուսաստանում այսօր գործում են շատ խիստ կարանտինային մեթոդներ: Այս պահին Մոսկվայում եթե երեք մարդ իրար մոտ շարքով քայլում են, նրանց մոտենում են իրավապահները և ստուգում փասթաթղթերը: Չի կարող օդանավակայանում անընդմեջ այդքան բազմություն հավաքվել և համապատասխան ուշադրության չարժանանալ»,-նշել է դեսպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







