Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց միաձայն` 107 «կողմ» ձայնով:
Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է արտերկրում ապրող այն քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին մեկուկես տարվա ընթացքում առնվազն մեկ տարին ՀՀ-ում չեն եղել: Օրենքի ընդունումից հետո նրանք կկարողանան վերադառնալ Հայաստան և իրենց հետ ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական օգտագործման իրերը, բացառությամբ տրանսպորտային միջոցի, 5000 եվրո արժողությամբ նոր ապրանքներ։
Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:
Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջինից երկորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, բայց ոչ բովանդակային: Առաջարկ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից: Առաջարկել է մինչև 5000 եվրո արժողությամբ սահմանաչափն էլ ավելի բարձրացնել: Գաբրիելյանի տեղեկացմամբ, ընդունելի է, բայց այս պայմաններում անհնար է կյանքի կոչել, քանի որ գործ ունեն ԵԱՏՄ օրենսդրության հետ: Այդ հարցը փոխանցվել է Կառավարության ներկայացուցիչներին՝ ԵԱՏՄ-ում հնչեցնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







