ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ընդլայնվել հակաճգնաժամային 3-րդ միջոցառման շահառուների շրջանակը։
Համաձայն որոշման՝ 3-րդ միջոցառման շահառու ոլորտների թիվն ավելացվում է 4-ով․ ներառվում են հետևյալ ոլորտները՝
— նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
— սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
— զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,
— շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ աջակցություն է ցուցաբերվում տնտեսության առավել տուժած ոլորտների տնտեսավարողներին:
«Այս կազմակերպությունները ստանում են իրենց 2019-ի իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոսի չափով վարկ՝ 6 ամիս վարկի մայր գումարի մարում չի նախատեսվում։ 2 տարիների ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքով, 3-րդ տարվա ընթացքում՝ 12 տոկոս տոկոսադրույքով»,- նշեց Խաչատրյանը։
Նախարարը հայտնեց, որ ընդլայնման արդյունքում 600-ը գերազանցող կազմակերպություններ կստանան աջակցություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







