ՀՀ Կառավարության արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
-բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
-էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Սահմանված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս միջոցառման համար շահառու են հանդիսանում 222 հազար բնակիչ բաժանորդ, սակայն նախատեսում են նրանց թիվը հասցնել 300 հազար։
«Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա և քաղաքացուն տրամադրելով 50% աջակցություն՝ չեն ցանկանում վնասել այդ կուլտուրային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ փետրվարը ամիսն է ընտրվել, քանի որ հունվարն ու փետրվարն ամենամեծ սպառման ամիսներն են, և եթե փետրվար ամսվա վճարում արդեն իրականացվել է դա կփոխանցվի հաջորդ ամսվա համար որպես կանխավճար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







