Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երկար ասելով նկատի ունի 1-2 տարի:
Արսեն Թորոսյանը նաև կոչ արեց պահպանել զգոնությունը՝ նշելով, որ թեև վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում անկում է ապրում, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն։
«Հայաստանում վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա խնդիր ունի պահպանման: Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է․ իրականում դա այդպես չէ»,- ասասց Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ չնայած ցածր թվերին՝ ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են․ իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում։
«Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել։ Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը շատ կարևոր է, և ըստ որոշման ընդունման հանրությանը կհայտնենք, թե ինչպիսի որոշում է ընդունվել»,- նշեց նախարարը»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







