Տնտեսությունն այսօր կանգնած է անդունդի եզրին։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ընդգծեց, որ աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, որի մասին ինքը դեռ երկու ամիս առաջ ասել էր՝ կոչ անելով քայլեր կատարել, որ փակուղու առաջ չկանգնենք:
Անդրադառնալով պետության կողմից բիզնեսին տրվող ֆինանսական օժանդակությանը, Ծառուկյանը նշեց, որ 67000 ձեռնարկությանը կտրամադրվի 50 միլիոն, ինչը ենթադրում է, որ ամեն ձեռնարկության հասնելու է մոտ 700 դոլար, իսկ աշխատողների միջև գումարի վերաբաշխումներից հետո, ամեն մեկին կհասնի մոտ 5000 դրամ․ ըստ նրա՝ սա առնվազն ծիծաղելի է։
Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, և եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է և արգելել են աշխատել։ Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին վճարել։
«Ծառուկյանը պետություն չի, այլ ձեռնարկատեր է, թող պետությունն անի, ես՝ որպես սեփականատեր կաջակցեմ»,- նկատեց նա։
Խոսելով Առողջապահության ու էկոնոմիկայի նախարարությունների գործունեության մասին, նա նշեց, որ դեռ մարտի 3-ին նրանց աշխատանքը վատ է գնահատել, բայց այժմ միասնական լինելու ժամանակն է, այլ ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







