Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։
ՄԻՊ-ը հայտնում է որ, քաղաքացիներից ոմանք նշում են՝ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդում են գործատուների հորդորների կամ սպառնալիքների մասին առ այն, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ներկայացնեն վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Ըստ քաղաքացիների՝ երբեմն էլ գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, որպեսզի չվճարեն աշխատողներին։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ ՄԻՊ-ն արձանագրում է․
• գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռավար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,
• վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.
• չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.
• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.
• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.
• պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.
• եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.
• գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







