Հռոմ-Երևան չվերթով ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարար Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան:
«Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի»,- գրել է Ավինյանը։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







