Մեկուսացվել են կորոնավիրոսով վարակված էջմիածինցի կնոջ վարսավիրն ու ոսկերիչը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ ավարտվել է կառավարության ընդլայնված կազմով նիստը, որի ժամանակ քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ կիրառվելիք միջոցառումները։
Ըստ վարչապետի՝ այս պահին հանրապետությունում ամենաաղմկահարույց դեպքը գրանցվել է Էջմիածնում։ Քաղաքացին, ով վերադարձել է Իտալիայից համապատասխան ստուգումներ անցնելուց հետո ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմություն ունենալու հանգամանքը, այլև սիստեմա ընդունելուց հետո մասնակցել բարեկամի նշանադրության արարողությանը՝ ստեղծելով ճգնաժամային իրավիճակ։
«Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ ու, ի վերջո, գնացել է նշանադրության արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում», — ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեկուսացվել են նաև նշանադրության բոլոր մասնկիցները։ Վարչապետը նկատեց՝ ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել։ Ըստ նրա՝ վիրուսը կանխարգելելու միակ հնարավորությունը՝ անհատի անհատական պատասխանատվությունն է։
Փաշինյանի խոսքով՝ այսօր սպասում են լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ։
«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ: Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին Ծաղկաձորում մեկուսացված մեր հայրենակիցները: Եվ բավականին մեծ հավանականություն կա, որ նրանց մոտ ախտորոշումը կլինի բացասական, և մենք, այդ մարդկանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով, կուղեկցենք իրենց տները:
Ես չեմ ուզում ասել, որ 100 տոկոսով, բայց մեծ հավանականություն կա, որ հենց այսպես էլ կլինի»:
Ինչ վերաբերում է Հայաստանում կրթական հաստատությունների աշխատանքին, ապա դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը:
«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ թե միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







