«Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը», — իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ տեղեկացնելով, որ հուղարկավորությանը ներկա են եղել նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին, և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին, ինչպիսին բռնությունն է»,- գրել է Նազարյանը։
Նշվում է, որ կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն: Հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը, բայց հարազատները նրա հուղարկավորությանը չեն մասնակցել:
Կնոջը ծեծի ենթարկելով մահվան հասցնելու և 13-ամյա աղջկան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է 28-ամյա երիտասարդ, որը կալանավորվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







