ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացման մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
Նախագծերի փաթեթն ընդունվեց 117 կողմ ձայներով։
Նախագծերի փաթեթով նախատեսվում է հեռավար կրթությունը սահմանել որպես կրթական ծրագրի իրականացման ձև։
Եթե դիցուկ երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:
Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները, կառավարության հաստատած կարգով, կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:
Նշենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







