Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օր՝ մարտի 5-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
«Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Այսօր առավոտից Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը նշեց, որ սպարապետը մեծ ներդրում է ունեցել արցախյան պատերազմում, բանակի ձևավորման գործում և իր ամբողջ կյանքը, գործունեությունը նվիրել է Արցախի խնդրին։
«Նա մինչև 1998 թվականի վերջը զինվոր էր: Վազգենին, իր կենդանության ժամանակ, ոչ ոք սպարապետ չէր կոչում, նա դա թույլ չէր տա, որովհետև համեստ մարդ էր: Երբեք իրեն չէր գերագնահատում, համարում էր, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուրի ներդրման շնորհիվ ենք ունեցել հաղթանակ: Նա մի առիթով ասել էր՝ այս պատերազմին տվեցի այն, ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն: Հայոց պատմության մեջ մեծ ներդրում ունեցող մարդ է Վազգենը, և սերունդները պետք է դա գնահատեն: Մենք պետք է գնահատենք նաև մյուսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին, և նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան հաղթանակի գործում ու այսօր մեր կողքին են»,-ասաց Արամ Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին։ Եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. և այնուհետեւ՝ 1995-1999-ին, 1999 թ. հունիսի 11-ից մինև իր սպանության օրը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, եղել է ՀՀ վարչապետ։ Նրան տրվել է Սպարապետ հերոսական պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգությանև Հայկական բանակի կայացման գործում: Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանիև Արցախի բարձրագույն՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս կոչումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







