Մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Գործող կարգավորմամբ, եթե ծնողը խնամքի արձակուրդում է և երեխայի մինչև 2 տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո:
Դրույթներից մեկով խնամքի նպաստի չափը սահմանում է գործադիրը: Ըստ այդմ՝ նախատեսվող գումարների չափը կազմում է 37.500 դրամ (աշխատող մայրերի համար) և 31.000 դրամից մի փոքր ավելի (չաշխատող մայրերի համար):
Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով: Այս հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում:





































