Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, ովքեր աչքի են ընկել իրենց առաջնորդական հմտություններով, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: 1989 թ-ից ի վեր մրցանակը միավորել է հանուն խաղաղության, ազատության ու ժողովրդավարության հաստատման գործունեություն ծավալող գործիչներին:
Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»-ը, շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին և Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեին։
Մրցանակը հանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնավորապես ասել է.
«Պրն․ նախագահ, միշտ հաճելի է լսել Ձեզ: Մենք գնահատում ենք Ձեր խոսքը ոչ թե այն պատճառով, որ այն գիտնականի խոսք է, այլ՝ որովհետև այն ուսանելի է ու հստակ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է բավականին կարևոր և բարդ խաչմերուկում»
Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ այն շատ կարևոր ու արժեքավոր մրցանակ է․
Նախագահը կարևորել է Crans Montana-ն՝ այն անվանելով յուրահատուկ կազմակերպություն և արժեք ողջ աշխարհում, որն ակտիվորեն աշխատում ու գործունեություն է ծավալում դեռևս կայսրությունների ժամանակաշրջանից սկսած մինչ սառը պատերազմի ավարտ, միաբևեռ աշխարհից մինչև մեր օրեր։
Իր խոսքում նախագահը նշել է, որ Crans Montana-ն համարում է լակմուսի թուղթ, որի գաղափարներն աշխարհագրորեն կիրառելով որևէ վայրում՝ լինի Հարավային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, թե Բալկաններ, հնարավոր է ստանալ խնդիրների ողջ (այդ թվում թաքնված) գունապնակը։
Արմեն Սարգսյանը Crans Montana-ն հրաշալի հարթակ է համարում նոր ընկերներ ձեռք բերելու համար՝ իր գոհունակությունը հայտնելով այն հանգամանքից, որ շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ձեռք բերել ընկերներ աֆրիկյան երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ովքեր իր հետ կիսում են նույն գաղափարները։
Արմեն Սարգսյանը կոչ է արել բոլորին այցելել Հայաստան՝ Crans Montana-ի համաժողովին և այդ լակումսի թուղթն օգտագործել Միջերկրական ծովում և Եվրասիայում՝ Աֆղանստանից մինչև Չինաստան ու Իսպանիա ընթացող իրադարձությունների ընկալման նպատակով։
Նշենք նաև, որ նախորդ տարիներին Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին և այլոք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







