Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հուլիսի 8-ին, անդրադարձել է Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին և նշել, որ Թբիլիսի հիվանդանոցներից մեկում են գտնվում ՀՀ երկու քաղաքացիներ, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և կյանքին վտանգ է սպառնում:
Արսեն Թորոսյանը նշել է, որ հայ և վրացի ռեանիմատոլոգները քննարկում են ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի Հայաստան տեղափոխման հնարավորությունները:
«Հնարավոր է, որ նրանցից մեկն արդեն այսօր տեղափոխվի, իսկ մյուսը՝ վաղը»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող 12-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, ունի սալջարդեր և ցավեր մարմնի տարբեր հատվածներում, սակայն գիտակցությունը տեղն է։
«Չնայած, որ Վրաստանում երեխան հետազոտվել է, սակայն նորից համալիր հետազոտություն կանցկացվի, որպեսզի ունենանք ամբողջական տեղեկություն առողջական վիճակի մասին և հետագա բուժումը ճիշտ իրականացնենք»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Երևան տեղափոխված քաղաքացիների ընդհանուր վիճակը միջին ծանրության է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ավելի վաղ տեղեկացրել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







