Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդման՝ պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված են վահանակներ, այնինչ, հաստատված գովազդային սխեմաներով, տվյալ հատվածներում գովազդի տեղադրում նախատեսված չէ:
Երևանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել Երևանի շենքերը սպասարկող համատիրությունների նախագահները , որոնք հայտին կցել են նաև բնակարանատերերի սեփականատերերի դիրքորոշումն ապամոնտաժման հետ կապված:
«Երևանի քաղաքապետարանը համապատասխան կազմակերպությունների հետ քննարկումներ է սկսել և արդյունքում, կազմակերպությունները, դրսևորելով բարեխիղճ մոտեցում, իրենց միջոցների հաշվին ապամոնտաժում են գովազդային վահանակները: Արդյունքում վերականգնվում է շենքերի ճարտարապետական տեսքը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:
Մնացած պատմամշակութային շենքերի հետ կապված նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է գույքագրման գործընթացը : Դրա ավարտից հետո նույնպես միջոցներ կձեռնարկվեն այդ շենքերում գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ: Մոտ 100 գովազդային վահանակներ կապամոնտաժվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







