«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը։ Ֆերենը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ:
Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, և հիմա նա կդառնա նաև «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:
Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է և մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, և ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում:
1943թ.-ին Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացել է ԱՄՆ զինված ուժերին և մեկնել Եվրոպա, որտեղ մասնակցել է գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխել է Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:
Բենջամին Ֆերենցը նաև մշակել է և իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների և համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







