Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի հանդամասում է աճում 2038-ամյա հսկա Տնջրի ծառը (ծառատեսակը չինարի): Խորհրդային Միության շրջանում այս ծառին նույնիսկ անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը 54 մետրից ավելի (18 հարկանի շենքի բարձրությամբ)։
Սխտորաշենի այս հայտնի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, շարժել ջրաղացի քարը: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը:
Երբեմն այցելուները տարբեր գրություններ էին թողնում ծառի վրա, ու թեև մոմ վառելն արգելված է, քանի որ դա վտանգավոր է ծառի գոյության համար, այնուամենայնիվ հաճախ մոմ էին վառում հենց ծառի փչակում:
Բնության այս հրաշքը պահպանելու համար մի քանի տարի առաջ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության վարչության կողմից ցանկապատվել է ծառին հարող տարածքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







