Արցախում ավարտվում են «Ճանապարհ թրեյլ» նախագծի առաջին փուլի աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
«Ճանապարհ Թրեյլ»-ը Արցախի ամբողջ երկայնքով՝ հյուսիս-հարավ ուղղությամբ, ձգվող 16 արահետներից բաղկացած քայլուղի է։ Իր գործարկման պահից քայլուղուց օգտվել են բազմաթիվ զբոսաշրջիկներ և տեղացիներ։ Այն ստեղծում է բարենպաստ պայմաններ ակտիվ զբոսաշրջություն նախընտրողների համար և անցնում է Արցախի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերի տարածքով, գեղատեսիլ վայրերով ու գյուղերով։ Արահետի զարգացումն իրականացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ այդ ոլորտում փորձված և մասնագիտացված թիմի կոորդինացմամբ։
«Ճանապարհ թրեյլ» ծրագիրն իրականացվում է միջազգային և հայկական մի շարք կազմակերպությունների և ԱՀ ՄԵՀԶ նախարարության հետ համագործակցությամբ, որի նպատակն է համաարցախյան էկոտուրիստական արահետի զարգացման աշխատանքները, որոնք ընդգրկում են արահետների բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում արահետների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ:
Ծրագիրը իրականացվում է «Թրեյլս ֆոր Չեյնջ» հասարակական կազմակերպության կողմից, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ։ Նախագծին աջակցել է «ԱՀԱ» Արմենիա հասարակական կազմակերպությունը՝ մասնավորապես Շուշի-Քարին տակ հատվածի բարեկարգման, կամուրջների տեղադրման, ինչպես նաև «Կաչաղակաբերդ» հատվածի անանցանելի վայրում կամուրջի տեղադրման աշխատանքներով։
Հաջորդ փուլով նախատեսվում է քայլուղու երկայնքով տեղակայված 13 բնակավայրերում տեղավորման համար պայմաններ ստեղծել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







