Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ծնվել է 1951 թվականին Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հենց ծննդավայրում։ 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1970թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։
1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»։ 1972թ-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։
1972թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է ուսումը Բոննի համալսարանում։ 1979թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։
1990. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում։
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս Ամենայն հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։
Վեհափառ Հայրապետը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







