Սեպտեմբերի 29-ին Հայաստանում՝ Ակնալճում կայացավ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի՝ «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ»-ի օծման արարողությունը։
Տաճարի օծման արարողությանը ներկա է գտնվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այս մասին ԱԺ նախագահը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրով մասնակցեցի եզդիական տաճարի օծման արարողությանը։ Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական եւ հերոսական պահերի։ Ցավոք, իրենց նորագույն պատմության ընթացքում հայերի պես եզդիներն էլ են զոհ դարձել ցեղասպան քաղաքականության»,-գրում է Արարատ Միրզոյանը։
Նա նաև հավելում է, որ եզդիական տաճարի մոտ եզդիական ազգային հերոսների կողքին կանգնած են նաև Կոմիտասի ու Անդրանիկի արձանները և հայ-եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, ինչը խորհրդանշում է երկու ազգերի միջև պատմականորեն ձևավորված ամուր կապերի մասին։
«Ջերմորեն շնորհավորում եմ եզդի ժողովրդին իրենց համար նշանակալի այս օրվա կապակցությամբ»,–գրում է ԱԺ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







