Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ նշելով, որ Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ և տեղեկացել ընթացիկ իրավիճակի մասին։
«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն, եթե լինեն մարդիկ, ովքեր կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել»,- նշել է Զարեհ Սինանյանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







