Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 20 միլիոն դոլարի ներդրում կարվի, որի արդյուքում օդանավակայանում 2020 թվականի ապրիլին ժամանման նոր սրահ կբացվի։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
Ընկերության տնօրենը նշել է, որ 2007 թվականին ընկերության միջոցներով վերանորոգվել ու ասֆալտապատվել է 3220 մետր երկարություն ու 45 մետր լայնություն ունեցող թռիչքուղին, IDMAN լուսաազդանշանային համակարգ է տեղադրվել, հատուկ տեխնիկա է բերվել վերգետնյա սպասարկման համար, ինչպես նաև Striker-3000 հրշեջ–փրկարարական մեքենա է բերվել։
Մարսելո Վենդենի խոսքով՝ Գյումրու օդանավակայանի զարգացումը կարևոր է նաև կառավարության համար։
«Նոր սրահի բացումից հետո «Շիրակը» կկարողանա էլ ավելի շատ ուղևորների ու չվերթեր ընդունել», – նշել է Վենդեն։
Վենդեն հավելել է, որ «Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է ակտիվ գործունեությունն ու շուտով կսպասարկի Ryanair ընկերության չվերթերը դեպի Հռոմ, Միլան, Բեռլին։
Խոսելով ընկերության հետագա ծրագրերի ու նպատակների մասին՝ Վենդեն նշել է, որ ծրագրերը շատ են, ընկերությունը մտադիր է ամեն տարի ընդլայնել չվերթերի աշխարհագրությունն ու ավելացնել չվերթերի քանակը։
«Ընկերությունը երկրին մեծ տնտեսական շահույթ կբերի ու թույլ կտա քաղաքացիներին էլ ավելի շատ ճամփորդել», – ընդգծել է ընկերության տնօրենը։
Հիշեցնենք` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կառավարում է Երևանի և Գյումրու օդանավակայանները։ Ընկերությունը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







