Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, այցելել է Տոկայի համալսարան, հանդիպել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ նախագահը Տոկայի համալասարանի ուսանողների հետ, խոսելով տեխնոլոգիաների և ապագայի մասին, նշել է, որ նրանք ապրում են մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում և այն, ինչ մի ժամանակ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ ապագայի կյանքը շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները։
«Աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:
Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահը նշել է․ որ յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով, աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը:
Արմեն Սարգսյանը ուսանողներին ներկայացրել է նաև Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի անցած ճանապարհը և հայ ժողովրդի համաշխարհային պատմության մեջ ունեցած դերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







