Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանին հանձնեց դեռևս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Անկախ Չեխիայի պատմության մեջ Գևորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգևի։ Այս մասին հայտնում է Orer․eu-ը։
Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչ, այդ թվում՝ հայտնի դերասանուհի Յիրինա Բոհդալովան և հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի և նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգևների հանձնման արարողությունը։
Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, և իբրև աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արեց գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկրաինացի փախստականներին։ Նա նաև հայտարարեց, որ ընդունում է չեխ պատգամավորներից մեկի առաջարկը և որոշել է Չեխիայի բարձրագույն պարգև շնորհել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն իր հերոսության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







