Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: Նա այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Հովհաննիսյանը ներկայացրել է նաև իր հրաժարականի հիմնական պատճառները: Դրանք ներկայացում ենք ստորև.
«Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին:
Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել:
Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում:
Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում՝ հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»:
Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: