Մոնթեի կյանքն ու գործը շատ դժվար է ներկայացրել բառերով, քանի որ նա ինքը գործի ու գաղափարի մարտիկ էր: Նրա կյանքի մի մասն անքակտելիորեն կապված է Հայաստանի ու Արցախի պատմության ու գոյապայքարի հետ:
Մոնթեն ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում՝ 1957 թվականի նոյեմբերի 25-ին: 1970 թ. գարնանը Մոնթեն ծնողների հետ Թուրքիայով ճամփորդեց դեպի Մարզվան (այժմ՝ Մերզիֆոն): Այնտեղ նրանք գտան իր մոր պապական տունը: Տարիներ անց Մոնթեն հիշում է այս ճամփորդությունը և շեշտում, որ հայ լինելու զգացողությունը էլ ավելի ամրացավ իր մեջ հենց այս ճամփորդության արդյունքում: 15 տարեկանում նա մեկնեց Ճապոնիա, շատ արագ յուրացրեց նաև ճապոներենը:
Վերադառնալով ԱՄՆ՝ նա Բերկլիում ընդունվեց Կալիֆոռնիայի Համալսարան` մասնագիտանալով հին Ասիայի պատմության ու հնագիտության բնագավառում:
Հայոց պատմության մութ կողմերը բացահայտելու ձգտումն արդեն այս տարիներին դրսևորվեց նրա մոտ: Նա համալսարանում կազմակերպեց հայոց մշակույթի ցուցահանդես, որտեղ կար անդրադարձ նաև ցեղասպանությանը:
Նրա կյանքն առավելապես կապվեց Հայաստանի հետ 1980 թվականից, քանի որ 1980 թ. գարնանը Մոնթեն անդամագրվեց «Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին» (ASALA, ՀԱՀԳԲ):
Հենց նրա օգնությամբ ծրագրվեց «Վան գործողությունը»:1984 թ. սեպտեմբերի 24֊ին ՀԱՀԳԲ֊ի չորս մարտիկներ գրավեցին Փարիզում Թուրքիայի դեսպանատունը և մի քանի օր պահեցին:
1983 թ․ ՀԱՀԳԲ֊ի (ԱՍԱԼԱ) պառակտման հետևանքով նա երկու տարի անցկացնում է ընդհատակում:
Ֆրանսիայում Մոնթեն 2 անգամ ձերբակալվում է՝ 1981 և 1985 թվականներին, նախ կեղծ անձնագիր կրելու, ապա՝ պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով։ Նա անգամ բանտում անցկացրած ժամանակն անիմաստ չի ծախսում և այս ընթացքում 4 գիրք է գրում:
Բանտից դուրս գալուց հետո նա ամուսնացավ իր կյանքի կնոջ՝ Սեդայի հետ՝ 1991 թվականին Հայաստանում:1990-1991 թվականների նրա մտքերը, հայրենիքի ճակատագրի հանդեպ մտահոգությունները արտահայտվում են այս մեկ նախադասությամբ. «Եթէ մենք կորցնենք Արցախը, մենք կը շրջենք մեր ժողովրդի պատմութեան վերջին էջը»: Նա իր հետագա ողջ կյանքը ներդրեց հանուն այս գաղափարի, հանուն նրա, որ Արցախն անառիկ մնա: Ղեկավարեց Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։
1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկավ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Նա Հայաստանում և Արցախում աննկարագրելի սեր էր վայելում.
Նա անգամ պատերազմի դաշտում, ինչպես մեր էպոսի դյուցազունները, կռվում էր վեհանձն, չէր վնասում թշնամու ժողովրդին: Մոնթեն երբեք ատրճանակ չէր կրում, երբեք չէր ծխում, զինվորական համազգեստով երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







