«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է այս տարվա մարաթոնի ժամանակ ամենամեծ նվիրատվությունները կատարող անձանց ու ընկերությունների ցանկը։
Այս տարվա թիվ մեկ նվիրատուն՝ «Տաշիր Գրուպ» ընկերությունն է, որը պատկանում է ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Ընկերության կողմից նվիրաբերվել է 1,5 մլն դոլար։ Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում Սամվել Ալեքսանյանը՝ 200 հազար դոլար, ապա Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»՝ 60 մլն դրամ։ ՀՀ բանկային համակարգը նվիրաբերել է 56 միլիոն դրամ, «Արարատ» բանկը-40 միլիոն դրամ, ՀՀ ոստիկանությունը – 19,5 միլիոն դրամ, «Ապավեն» ՍՊԸ-ն – 16 միլիոն դրամ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը – 15 միլիոն դրամ, Վարուժան Գրիգորյանին պատկանող «Փեթակ» առևտրի կենտրոնը– 10 միլիոն դրամ, ՀՀ կենտրոնական բանկը – 7 միլիոն դրամ։
Այս տարվա հանգանակության ժամանակ, ըստ հիմնադրամի կայքի հրապարակման, ստացվել է 450-ից ավելի զանգ, 1420 SMS հաղորդագրություն, ինչպես նաև 1690 առցանց նվիրատվություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







